«Դոմոդեդովոյում» ՀՀ քաղաքացիների կուտակումները խնդրահարույց վիճակ է ստեղծել. օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է լքել տարածքը - RadioVan.fm

Онлайн

«Դոմոդեդովոյում» ՀՀ քաղաքացիների կուտակումները խնդրահարույց վիճակ է ստեղծել. օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է լքել տարածքը

2020-04-16 19:58 , Общество, 1470

 «Դոմոդեդովոյում» ՀՀ քաղաքացիների կուտակումները խնդրահարույց վիճակ է ստեղծել.  օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է լքել տարածքը

Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով կուտակումներ, որի առնչությամբ օդանավակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ դեսպանությանը՝ հայտնելով, որ ստեղծված վիճակը խախտում է ՌԴ կառավարության կողմից սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները:

«Այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով ք Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները։

Մասնավորապես, օդանավակայանի համապատասխան ծառայություններն այս օրերին արձանագրել են սահմանված կարանտինային ռեժիմի դրույթների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական հեռավորություն չպահպանելու և առողջապահական անվտանգության այլ միջոցառումներ չիրականացնելու հետ։

Ելնելով վերոնշյալից և հնարավոր վարչական պատասխանատվության կիրառումը բացառելու անհրաժեշտությունից՝ օդանավակայանի ղեկավարությունը իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։

Այս առումով կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։

Կրկին նշենք, որ առաջիկայում Մոսկվայից դեպի Հայաստան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ունենալուն պես կհայտնենք լրացուցիչ»,-ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում:

Օրեր առաջ հայտնել էինք, որ օդային հաղորդակցության դադարեցման պայմաններում Մոսկվայից Երևան 3 բացառիկ թռիչքներից հետո, որոնց արդյունքում ավելի քան 650 քաղաքացի է վերադարձել, մոսկովյան օդանվակայանում տասնյակ հայեր դեռ սպասում են հայրենիք մեկնելու իրենց հերթին. նրանց հետ տեսակապի միջոցով խոսել էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տեղանյանը:

Лента

Рекомендуем посмотреть