Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Միևնույն ժամանակ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։
Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։
Նշենք, որ հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։
Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։
Նշենք նաև, որ առաջիկա ժամանակահատվածում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։
Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնենք քաղաքացիներին»,-ասված է դեսպանության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ մարտի 27-ից ՌԴ-ի կողմից ուժի մեջ մտած օդային հաղորդակցության դադարեցման պայմաններում «Ռեդ Վինգս»-ը Ռուսաստանի կառավարությունից ստացած թույլտվության համաձայն՝ դեպի Հայաստան 3 չարտերային թռիչք է իրականացրել՝ հայրենիք վերադարձնելով ավելի քան 650 քաղաքացու, ովքեր «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են կարանտինային գոտիներ:
«Վերապրեցինք օրեր, որոնք մեր պատմության մեջ դարձան բացառիկ և առաջին անգամ են հանդիպում մեր աշխատանքային փորձառության մեջ»-նախօրեին հայրենակիցներին հղած ուղերձում նշել էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: