«Ես ոչինչ չունեմ թաքցնելու։ Եկել է ժամանակը, որ պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողով, որպեսզի իմ մասնակցությամբ նիստն անցկացվեր արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Ուստի, ես այդ հնարավորությունից զրկված եմ։ Հարցն այնքանով է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ հանրությանը»,-այդ մասին այսօր խորհրդարանի շենք մտնելիս լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հրավիրած էր մասնակցելու Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նիստին ու պատասխանելու հանձնաժողովականների հարցերին:
Սերժ Սարգսյանը խոստացել է արտակարգ դրության ավարտից հետո հրավիրել ՀՀ-ում գործող բոլոր լրատվամիջոցներին և պատասխանել միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:
Իսկ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նիստին համաձայնել է մասնակցել, քանի որ, ինչպես նշել է հայտարարությունում, իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այնուհետ հրապարակել է Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունը, որում ասված է.
«Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը:
Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման: Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները:
Ես հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել:
Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք:
Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները:
Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել:
Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից:
Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով: Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից:
Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով:
Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք:
Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»:
Հիշեցնենք՝ Հայաստանը 2008-2018թթ. նախագահած Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել 2018-ի ապրիլի 23-ին՝ ընդդեմ իր վարչապետության՝ 2018-ի գարնանը հանրապետությունում ծավալված աննախադեպ բողոքի ալիքի պայմաններում: