Մայրաքաղաքում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի դուրս եկած քաղաքացիներին այսօր միացել են 100-ավոր ուսանողներ երևանյան մի շարք ԲՈՒՀ-երից՝ այդ թվում՝ Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական բժշկական համալսարանից, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից։
Նրանց են միացել ինչպես ապրիլյան քառօրյայի մասնակից տղաներն, այնպես էլ ներկայում ծառայության մեջ գտնվող զինվորներ, խաղաղապահներ, որոնք «Ռադիո Վանի»-ի այն հարցին, թե որևէ խնդիր չի առաջացել զորամասից դուրս գալիս՝ նշեցին, որ ամենակարևոր հարցն իրենց համար այս պահին ազգի կողքին լինելն է:
100-ավոր մետրեր ձգվող ուսանողների, զինվորների ու խաղաղապահների երթը ընթանում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, այն առաջնորդում է մայրաքաղաքի ԲՈՒՀ-երից մեկի զինղեկը, որը ներկայանալ չցանկացավ:
Երթի մասնակիցները վանկարկում են «Սերժիկ, հեռացիր» «Ազատ, անկախ ուսանող», «Հայ զինվոր», «Ազատություն Նիկոլին»: Նրանց ազդանշաններով միանում 100-ավոր վարորդներ: