Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով էլ, ըստ էության, կդառնա Արցախի Հանրապետության չորրորդ նախագահը։
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում զետեղված արձանագրության համաձայն՝ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 հազար 860 մարդ, իսկ նրա մրցակցի՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի օգտին՝ 5 հազար 428 ընտրող։
Նշվում է, որ հիմք ընդունելով Արցախի ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:
Հիշեցնենք՝ Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը կայացավ երեկ՝ ապրիլի 14-ին՝ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում։ Երկրորդ փուլում պայքարում էին առաջին փուլի արդյունքներով առավելագույն կողմ ձայներ ստացած 2 թեկնածու՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ով, հիշեցնենք, ընտրության առաջին փուլից հետո ընտրողներին հորդորել էր «համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»։
Հավելենք, որ 1994 թվականին ԼՂՀ ԳԽ-ի կողմից ԼՂՀ առաջին նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, 1996 թվականի նոյեմբերին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ 1997-2000 թվականներին և 2000-2005 թվականներին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը, 2007 թվականից մինչ օրս հայկական երկրորդ հանրապետությունը ղեկավարում է Բակո Սահակյանը։