Արտակարգ դրության պայմաններում Արցախում երկրորդ փուլով նախագահ են ընտրում - RadioVan.fm

Онлайн

Արտակարգ դրության պայմաններում Արցախում երկրորդ փուլով նախագահ են ընտրում

2020-04-14 14:26 , Политика, 1218

Արտակարգ դրության պայմաններում Արցախում երկրորդ փուլով նախագահ են ընտրում

Այսօր Արցախի Հանրապետությունում (ԱՀ) նախագահական ընտրության երկրորդ փուլն է, նախագահի պաշտոնի համար կպայքարեն առաջին փուլի արդյունքներով առավելագույն կողմ ձայներ ստացած 2 թեկնածու՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Ընտրությունների մեկնարկը տրված է. ժամը 8.00-ին բացվել են 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ 1 տեղամասը՝ Երևանում: Քվեարկությունը սկսված է:

Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող:

Ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ 130 ներկայացուցիչներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահն ընտրողներին հորդորել է իրենց ընտրական իրավունքն իրացնելիս խստորեն հետևել ընտրական տեղամասերում առաջարկվող նախականխիչ առողջապահական ցուցումներին:

Ստեփանակերտի ու շրջկենտրոնների 45-ից ավելի տեղամասային կենտրոններում քվեարկությանը կարող եք հետևել ուղիղ եթերով:

Նշենք՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներով պայմանավորված և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչությանը պաշտպանելու նպատակով՝ նախագահ Բակո Սահակյանի՝ ապրիլի 12-ի հրամանագրով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված է արտակարգ իրավիճակ:

Իսկ նույն օրը քաղաքացիներին հղած ուղերձում Բակո Սահակյանը նշել էր.

«Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և միաժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսին է Արցախի նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ:

Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական և սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք և չեզոքացնենք բոլոր բացասական հետևանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարևորագույն շրջանը ևս»:

Հավելենք՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է, մեկուսացվածները 17-ն են, նոր թեստավորված քաղաքացիներ չկան: 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Лента

Рекомендуем посмотреть