Արցախում նախընտրական քարոզչությունը ապրիլի 9-ին է, նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը՝ ապրիլի 14-ին - RadioVan.fm

Онлайн

Արցախում նախընտրական քարոզչությունը ապրիլի 9-ին է, նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը՝ ապրիլի 14-ին

2020-04-08 17:56 , Политика, 1299

Արցախում նախընտրական քարոզչությունը ապրիլի 9-ին է, նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը՝ ապրիլի 14-ին

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հայտնի է: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ապրիլի 7-ի նիստում հաստատված ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզչության սկիզբը 2020թ. ապրիլի 9-ն է: Վիճակահանության արդյունքում քվեաթերթիկում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուների անունները հետևյալ հաջորդականությամբ կլինեն՝

1. Մայիլյան Մասիս Սամվելի,

2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի:

Ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրը ապրիլի 14-ին է, Արցախի ԿԸՀ-ի որոշմամբ այդ օրը հայտարարվել է ոչ աշխատանքային օր:

Հիշեցնենք՝ Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով առաջադրված 14 թեկնածուներից որևէ մեկը չհաղթահարեց 50%+1 անցողիկ շեմը, որից ելնելով էլ հայտարարվեց երկրորդ փուլի անցկացման մասին, որում նախագահի պաշտոնի համար մրցելու են առավել շատ քվե ստացած թեկնածուներից երկուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (ստացել է 36076 քվե կամ ձայների 49.26%-ը) և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (ստացել է 19360 քվե կամ ձայների 26.4%-ը):

Հավելենք, որ նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանն օրեր առաջ հանդես եկավ քաղաքացիներին ուղղված կոչով՝ «համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը», թեև Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 1-ին դեպքը արձանագրվել է նախօրեին՝ ապրիլի 7-ին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ քաղաքացին, որը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակիչ է, մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:

Արցախի առողջապահության նախարարությունից էլ վստահեցրել են, որ նշյալ քաղաքացու հետ հնարավոր շփում ունեցած 20 մարդ (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Лента

Рекомендуем посмотреть