«Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան կատարել է երրորդ չարտերային թռիչքը՝ նախօրեի երեկոյան Հայաստան վերադարձնելով ՀՀ 230 քաղաքացու:
Ինչպես ընդգծել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից՝ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել
• այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կորղացել մեկնել,
• այն ՀՀ քաղաքացիները, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում,
•մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին; ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ [email protected] էլ․հասցեի միջոցով):
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից նշում են, որ համընդհանուր ջանքերով հնարավոր է դարձել ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով միաժամանակ Հայաստան են տեղափոփվել ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։
Հիշեցնենք, մինչ այս՝ ևս 2 չարտերային թռիչքներ էին կազմակերպվել դեպի Երևան՝ հայրենիք վերադարձնելով շուրջ 420 հայի:
«Վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման և հատուկ միջոցառումների իրականացման արդյունքում մենք բոլորս բախվեցինք այնպիսի իրավիճակի, երբ ՌԴ-ում հարյուրավոր մեր քաղաքացիներ հայտնվեցին անելանելի վիճակում՝ Հայաստանի հետ օդային հաղորդակցության ժամանակավոր ընդհատման հետևանքով։ Վերապրեցինք օրեր, որոնք մեր պատմության մեջ դարձան բացառիկ և առաջին անգամ են հանդիպում մեր աշխատանքային փորձառության մեջ»,-հայրենակիցներին հղած ուղերձում նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ընդգծելով, որ հրատապ միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումը, օթևանի ապահովումը և այլ խնդիրների հանգուցալուծումը հնարավոր է եղել ՌԴ-ի մեր հայրենակիցների անմիջական մասնակցության շնորհիվ, որի համար դեսպանը խորին շնորհակալություն է հայտնում: