Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից՝ տեղեկացնելով, որ աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։
«Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։
Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։
Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։
Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը»,-ասված է դեպանության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցրել է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:
Չնայած այդ հանգամանքին, Ռուսաստանի կառավարությունից ստացած թույլտվության համաձայն՝ «Ռեդ Վինգս»-ը բացառապես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայերին Հայաստան տեղափոխելու համար օրերս երկու չարտերային թռիչք կատարեց՝ վերադարձնելով ավելի քան 400 մարդու: