«Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին». ՀՀ նախագահը ստորագրել է կոնտակտավորներին տեղորոշելու փաթեթը - RadioVan.fm

Онлайн

«Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին». ՀՀ նախագահը ստորագրել է կոնտակտավորներին տեղորոշելու փաթեթը

2020-04-01 14:26 , Политика, 1182

«Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին». ՀՀ նախագահը ստորագրել է կոնտակտավորներին տեղորոշելու փաթեթը

Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը ստորագրել է երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ստորագրած օրենսդրական փաթեթի առնչությամբ նախագահի գրասենյակը նաև հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, և յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ։

Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնությունը և պատասխանատու է դրանց իրավաչափ իրականացման համար՝ ապավինելով յուրաքանչյուրիս ողջախոհությանը։

Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին: Կառավարությունն իր կողմից պարտավոր է դրսևորելու բացառիկ հետևողականություն, որպեսզի նախատեսվող սահմանափակումները կյանքի կոչվեն՝ չհանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների անհարկի միջամտությանը։

Հանրապետության նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։

Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում:

Ուստի և օրենքների կիրառման գլխավոր նախապայմանը, և միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը։

Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն միմիայն վերը նշված նպատակներն ապահովելու համար և ամենայն պատասխանատվությամբ»։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում անհրաժեշտ ձայներ չապահովվելու հետևանքով մերժվեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու՝ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը:

Որից հետո 24-ժամյա ռեժիմով կրկին արտահերթ նիստ հրավիրվեց, որին ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին, և օրենքների փաթեթն ընդունվեց: Ազգային ժողովում նախագծերի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ քվերակությունից առաջ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ իրավիճակի իրավական վերահսկողությունն իրականացնող պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փաթեթի ընդունումն ունի միայն մեկ նպատակ՝ «վարակի տարածման ինտենսիվության նվազեցումը ու մարդկային կյանքի և առողջության պահպանումը»:

Лента

Рекомендуем посмотреть