Կոնտակտավորներին գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը մերժվել է - RadioVan.fm

Онлайн

Կոնտակտավորներին գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը մերժվել է

2020-03-31 15:34 , Право, 1321

Կոնտակտավորներին գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը մերժվել է

Արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների հեռախոսազանգերը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում նրանց տեղորոշելու ու շփման շրջանակը պարզելու նպատակով, չի ամրագրվի․ Ազգային ժողովում այսօր թեժ քննարոկումից հետո համապատասխան օերնքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթը չի ընդունել։

Խոսքը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի մասին է։

Կառավարությունը՝ ի դեմ ՀՀ արդարադատության նախարարության առաջարկում էր Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց տրամադրել․

1)հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Իսկ ստացվող տվյալների հետ համադրման համար տվյալներ մշակողները կարող էին առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներից պահանջել, իսկ վերջիններս պարտավորվելու էին տրամադրել տվյալներ համաճարակի հետեւանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում. բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ:

Մինչ նախագծերի քվերակությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ թեև զանգերը ֆիքսելու կառավարության առաջարկած մեխանիզմը համարում է ոչ կատարյալ մեխանիզմ, այդուամենայնիվ, համարում է, որ դա հավասարակշռության այն կետն է, որ պետք է կիրառել՝ մարդկանց կյանքեր փրկելու համար:

«Եթե ձեզնից մեկը փողոցում լինի և նրանից կախված լինի ոչ թե հարյուրավոր, այլ կոնկրետ մեկ մարդու կյանք, դուք ընկնելո՞ւ եք զանազան իրավունքների հետևից, թե՞ փրկելու եք այդ մարդու կյանքը: Այդ ժամանակ ասելու եք, թե ինչու այդ ասահմանափակումը մտցվե՞ց: Աշխարհը փոխվում է սրընթաց, տասնյակ հազարավոր մահեր են գրանցվել երկրների մասշտաբով: Երկիր կա, որ կործանվում է: Հիմա մեր իշխանությունները օր ու գիշեր «ճռռում» են, բերել են օրենքի նախագիծ, ասում են, որ այս գործիքն էլ պետք: Անթերի՞ է այդ գործիքը. ոչ, քանի որ նրանք 24 ժամ աշխատում են տարբեր գաղափարների, տարբեր գործիքների վրա»,- դիմելով խորհրդարանական դահլիճում ներկա գործընկերներին՝ ասել է Միրզոյանը։

Ընդդիմությունն այն կարծիքն էր, որ այս նախագիծը ոչնչով չի նպաստելու հարցի լուծմանը, ավելին` սահմանափակելու է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, հետևաբար չի մասնակցել քվեարկությանը:

Կառավարության առաջարկն այդպիսով չի ընդունվել՝ ստանալով անբավարար՝ ընդամենը 65 պատգամավորի հավանությունը։

Лента

Рекомендуем посмотреть