Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հանդես է եկել Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելու փորձերը խստորեն դատապարտող հայտարարությամբ։
«Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը: Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը»,-նշված է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 30-ին, երեկոյան ժամը 7-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:
Ավելի վաղ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը ուղղել COVID-19-ի դեմ պայքարին և անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում»։ Այս կոչին աջակցություն է հայտնել ինչպես ՀՀ ԱԳՆ-ն, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։