Տավուշի մարզում երեկ երեկոյանհակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 14-ամյա երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝երեխան ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, նա տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։
Բուժկենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանն էլ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում ( առաջին վիրահատությունը կատարվել է Նոյեմբերյանի բուժկենտրոնում)։
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 30-ին, երեկոյան ժամը 7-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակոռակորդի գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Հակառակորդը միաժամանակ թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: