Ինքնամեկուսացվելու պահանջները խախտողները վարչական և քրեական պատասխանատվության կենթարկվեն․ ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Մասնավորապես առաջարկվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար: Օրինագծերի փաթեթով սահմավում է «մեկուսացում» և «ինքնամեկուսացում» հասկացությունները:
«Մեկուսացում» համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
«Ինքնամեկուսացում» համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել է, թե, մասնավորապես, ինչ տուգանքներ են առաջացնում արտակարգ դրության ընթացքում կանոնների խախտումները:
Ըստ այդմ՝
«1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՆ առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (ԾՆԹ․ Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր)
2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ անզգուշությամբ․
- այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,
- երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,
- մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
ԾՆԹ․ Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։
3. ԳԻՏԱԿՑԱԲԱՐ այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար (ԾՆԹ․ Այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)»։
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը, կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ մարդու առողջության և բնակչության առողջության դեմ ուղղված ոտնձգությունների նկատմամբ համարժեք գնահատական տալու համար: Կարգավորումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:
Արտահերթ նիստի մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր մարտի 21-ին: