Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ 300-500 հազար դրամով։ ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն է նախատեսվում երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտողների նկատմամբ։
Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվի կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով:
Նշենք, թեև կառավարությունը հակված էր, որ նշյալ փոփոխություններն ընդունվի հատուկ ռեժիմով, այդուամենայնիվ, տեխնիկապես անհնար լինելու պատճառով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի երկուշաբթի օրը` առավոտյան 11:00-ին:
Կայացած նիստի մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի հայտարարության համաձայն՝ ինքնամեկուսացումը COVID-19 վարակի տարածման դեմ պայքարում շատ արդյունավետ միջոցառում է։ Նա հայտարարել է, որ «երբ մարդուն խնդրում են մնալ տանը, շատ արդյունավետ է, հատկապես եթե սպառնալիք կա, որ հասարակության մեջ սկսվել է կորոնավիրուսի ընդհանուր փոխանցում»։
ԱՀԿ ներկայացուցիչը որպես փաստ ներկայացրել է Չինաստանի փորձը, որտեղ ինքնամեկուսացումը դարձել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում գլխավոր և հաջողված միջոցը։