Ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում կցուցաբերվի «Վարկս Էյ Էմ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈւՎԿ) բոլոր այն հաճախորդների նկատմամբ, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։
Այդ մասին տեղեկացնում են «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ից՝ նշելով, որ, որպես որոշման իրականացում, այսօր մոտ 30.000 հաճախորդ արդեն անհատական (SMS) հաղորդագրության միջոցով ծանուցվել է վարկի հետաձգման ժամկետի մասին՝ առանց նախապայմանների և լրացուցիչ դիմումներ գրելու անհրաժեշտության։
«Այս մոտեցումը չի ենթադրում հետագայում հաճախորդի համար վարկային բեռի ավելացում։ Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»,-ասված է ընկերության տարածած հայտարարությունում:
Հավելենք, որ վերոնշյալ որոշման մասին «Վարկս Էյ Էմ»-ը հայտարարություն էր տարածել դեռևսմարտի 18-ին:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում մարտի 16-ից 1 ամիս ժամկետով ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը, որի պայմաններում առևտրային բանկերից, վարկային կազմակերպություններից շատերը, հետևելով Կենտրոնական բանկի՝ վարկառուների վարկային պարտավորությունների կատարման ուղղությամբ որոշակի զիջողական քայլեր ձեռնակելու հորդորներին, արդեն իսկ քայլեր են ձեռնարկել: