Կորոնավիրուսի դեմ պայքարում են հումանիզմով. երիտասարդները դիմակներ են կարում ու անվճար բաժանում - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի դեմ պայքարում են հումանիզմով. երիտասարդները դիմակներ են կարում ու անվճար բաժանում

2020-03-22 19:30 , Общество, 2638

Կորոնավիրուսի դեմ պայքարում են հումանիզմով. երիտասարդները դիմակներ են կարում ու անվճար բաժանում

Այս օրերին, երբ կորոնավիրուսի դեմ պայքարում ողջ աշխարհում ի թիվս որոշ բժշկական պարագաների մեծ պահանջարկ կա նաև բժշկական դիմակների՝ դրանց սպառման ծավալներն ավելացել են 100 տոկոսով՝ հանգեցնելով դեֆիցիտի ու գների բարձրացման:

Հայաստանում դրանց բացը լրացնելու, քաղաքացիներին գարնանային ամենալավ նվերը մատուցելու համար գործի են անցել կամավորները՝ կորոնավիրուսի դեմ պայքարելով հումանիզմով:

Մասնագիտությամբ անասնաբույժ Լիանա Թադևոսյանը և հագուստի մոդելավորող, մանկահասակ բալիկի մայր Ժենյա Վարդանյանն այն երիտասարդների թվում են, ովքեր այս օրերին կամավորագրվել են բժշկական դիմակներ կարելու` «Իրականացրու երազանք» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը:

Ժենյան նախաձեռնության մասին տեղեկացել է սոցիալական հարթակներից մեկում տեղադրված հայտարարությունից, իսկ Լիանան՝ ընկերուհուց: Մինչ այս միմյանց մասին երբևէ չլսած ու միմյանց երբեք չտեսած երիտասարդներն, ահա, միավորվել են բարին կատարելու գաղափարի շուրջ:

Սեղանին ալկոգել, փոքրիկ Լիլիթի ջերմությամբ ողողված սենյակ ու արհեստանոցներին հատուկ կտորաթելային մթնոլորտ. կարի փոքրիկ արհեստանոցում աղջիկներն առավոտից մինչ երեկո մեծ սիրով ու պատասխանատվությամբ կարում են 100-150 հատ երկշերտ դիմակ, դրանք ստերիլացվում են համապատասխան վայրում և անվճար բաժանվում են մեր համաքաղաքացիներին:

Մերօրյա հումանիստների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ համանման նախաձեռնություն այս օրերին իրականացվում է Էջմիածին քաղաքում՝բնակիչներից Արմեն Աբրահամյանի ընտանիքի ու ընկերների ջանքերով: Նրանց օրինակով վարակված՝ Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարն է հանդես եկել դիմակներ կարելու ու բնակիչներին անվճար բաժանելու ձեռնարկով: Արմավիրի մարզում ևս մի քանի կանայք ձեռնամուխ են եղել այդ գործին: Դրա մասին ֆեյսբուքյան եթերի միջոցով տեղեկացրել է օգտատերերից Մերի Մլհամյանը:

Մինչ քաղաքացիները բազմաթիվ դեղատների դուռ են թակում՝ բժշկական դիմակներ գնելու հույսով, իսկ կամավորները փորձում են լրացնել բացը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս օգտագործել N95 կամ FFP3 հաստության դիմակներ:

«Դիմակի իմաստը պաշտպանությունն է հիմնականում արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնց մեջ հնարավոր է, որ լինի վիրուս: Սովորական դիմակները շնչելիս վիրուսից չեն պաշտպանում: Վիրուսը շատ ավելի փոքր է, քան այդ դիմակների մեջ եղած անցքերը: Պաշտպանելու են վիրուսներից N95 կամ FFP3 հաստության դիմակները, որոնք պետք է կրվեն խիստ ամուր կպած լինելով ամբողջ դեմքին, որպեսզի օդն արանքից դուրս չգա: Վիրուսակրի հետ շփվելու ժամանակ պետք է կրել ամուր ակնոց, որն ամուր կփակի ձեր աչքերը»,-մարտի 19-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում ասել էր նախարարը՝ շեշտելով, որ դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ, այլապես դրանք ավելի վտանգավոր կարող են լինել, քան առանց դրանց։

Եվ, առհասարակ, առողջապահության նախարարի համոզմամբ՝ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դիմակ, ըստ նրա, պետք է կրի կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձը:

Հայաստանում, հիշեցնենք, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ 190 պացիենտ կա:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть