Չնայած աշխարհում կորոնավիրուսային հիվանդության պանդեմիայի մակարդակին, հունգարական «Wizz Air» բյուջետային ավիաընկերությունն իրականացրել է դեպի Երևան իր առաջին՝ Վիեննա-Երևան-Վիեննա չվերթը:
Երեկ երեկոյան Երևանի ժամանակով 20:25-ին ավիաընկերության ինքնաթիռը ժամանել է ու մեկնել հակառակ ուղղությամբ:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Վիեննայից Երևան է ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել է Ավստրիայի 8 քաղաքացի։
Հիշեցնենք՝ «Wizz Air»-ի՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկա այս տարվա ապրիլից մուտքի մասին հայտնի էր դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Ընկերության չվերթները դեպի Վիեննա և Վիլնյուս նախատեսված են շաբաթական 2 անգամ։
Լաուքոստերը 2020 թվականի հունիսի 1-ից գործարկելու է նաև Երևան-Լարնակա (Կիպրոս)-Երևան չվերթը։
Նշենք՝ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի տարածման պանդեմիայի մակարդակի հասնելու մասին՝ նշելով, որ վիրուսի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը։