Գանդիի 150-ամյակի շրջանակում Հնդկաստանից քայլերթով Հայաստան եկածները Ժնև կտանեն ծիրանի աճեցման, ոչ բռնի մեթոդներով կառավարման փորձը - RadioVan.fm

Онлайн

Գանդիի 150-ամյակի շրջանակում Հնդկաստանից քայլերթով Հայաստան եկածները Ժնև կտանեն ծիրանի աճեցման, ոչ բռնի մեթոդներով կառավարման փորձը  

2020-03-13 20:35 , Общество, 1454

Գանդիի 150-ամյակի շրջանակում Հնդկաստանից քայլերթով Հայաստան եկածները Ժնև կտանեն ծիրանի աճեցման, ոչ բռնի մեթոդներով կառավարման փորձը

Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով քայլերթի 5 տասնյակ մասնակիցները, որոնք նախորդ տարի հոկտեմբերի 2-ին Հնդկաստանից մեկնարկելով իրենց երթը արդեն մեկ ամիս է՝ Հայաստանում են, շատ տպավորված են մեր երկրից։

Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով Սյունիքի մարզի շուրջ 28 բնակավայրում քայլերթ իրականացրած, համայնքապետերին հանդիպած, 16 դպրոցի անձնակազմի, 1700 աշակերտների և բնակիչների հետ հանդիպումներ ունեցած «Ջայ Ջագաթ-2020»-ի մասնակիցներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին, որ խորապես տպավորված են քաղաքացիների մոտ խաղաղության խորը գիտակցություն հանգամանքով։

Կանանց շարժման առաջնորդ Ջիլ Քար-Հարիսի խոսքով՝ Հայաստանը շատ լավ օրինակ կարող է դառնալ խաղաղ կրթության կազմակերպման, ոչ բռնի մեթոդների միջոցով կառավարում իրականացնելու տեսանկյունից ու որ՝ այն կարող է մոդել դառնալ շատ երկրների համար։

Նշեց՝ այդ և Սյունիքի մարզի գյուղերից մեկում ծիրանի աճեցման օրինակը բարձրաձայնելու են Շվեյցարիայում, որտեղ նախանշված է նրանց քայլերթի ավարտը, իսկ Հնդկաստանի իշխանություններին կոչ են անելու պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։

«Եղել ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և կոչ ենք անում Հնդկաստանի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետև համարում ենք, որ, այո՛, ցեղասպանությունների շարքում այն պետք է լինի վերջինը, և սա գերակայություն է մեզ համար»,-ընդգծեց Ջիլ Քար-Հարիսը

Իսկ «Ռադիո Վան»-ի հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի տարածումը չի խանգարի քայլարշավի ընթացքին, որի մասնակիցները դեռ Հայաստանում պետք է լինեն երեք մարզի 14 բնակավայրերում, այնուհետ պետք է գնան Վրաստան, իսկ վերջնակետը Շվեյցարիան է՝ Կանանց շարժման առաջնորդն Ջիլ Քար-Հարիսը նշել է․

«Իհարկե, մենք բոլորս տեղյակ ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն պանդեմիա հռչակված վարակի մասին, մեր կարծիքով սա նաև մարտահրավեր է, սակայն սա ցույց է տալիս աշխարհում առկա համակարգային բռնությունը և, այո, ըստ վիճագարության՝ յուրաքանչյուր 1 միլիոնից 4 հոգի վարակվում է։ Սա, բնականաբար, խնդիր է, բայց կորոնավիրուսի մասշտաբների և ընկալումների շուրջ չափազանցություն կա։ Իհարկե, խնդիր է, իհարկե, պետք է լուծվի, և սա նաև քայլարշավի մարտահրավերներից մեկն է։ Հանգիստ ենք վերաբերվում սրան, իհարկե, կանենք այնպես, ինչպես կասեն երկրի իշխանությունները, թույլ կտան սահմանները հատել՝ կհատենք, թույլ չեն տա՝ չենք հատի։ Բայց մեր արժեքային հիմքը՝ գանդիական գաղափարները, շարունակում է նույնը լինել, մենք մեր նպատակին հասնելու համար գտնելու ենք միջոցներ և, այո, սեպտեմբերին հասնելու ենք Ժնև»։

Ջայջագաթցիների հետ հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ լրագրողների հետ հետ հանդիպումից ժամեր հետո «Ջայ Ջագաթ»-ը, որի մասնակիցներն առաջիկա օրերին լինելու են Երևանում, վաղը ուխտագնացություն էին կատարելու դեպի Էջմիածին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ, այնուամենայնիվ, «Հաշվի առնելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, «Ջայ Ջագաթ» քայլարշավը ժամանակավորապես դադարեցնում է իր միջոցառումները Հայաստանում: Քայլարշավի հետագա ընթացքի վերաբերյալ որոշումները կկայացվեն ելնելով առաջիկա զարգացումներից, Հայաստանի կառավարության հետ համաձայնեցված ընթացակարգով»։

Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Նյու Դելիից (Հնդկաստան): Ներառելով աշխարի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի նպատակն է հասնել Ժնև (Շվեյցարիա) 2020թ․ սեպտեմբերին, որտեղ «Ջայ Ջագաթ»-ի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին: Քայլերթի մեկնարկի օրվա ընտրությունը պատահական չէ․ 2007 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 2-ը հռչակել է «Բռնության դեմ պայքարի միջազգային օր», այդ օրն է ծնվել Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին։

Քայլերթի շրջանակում, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության առաջարկով, Երևանում տեղադրվելու է նաև Մահաթմա Գանդիի արձանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть