Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հանրային քննարկման է ներկայացրել Հնդկաստանի դեսպանատան կողմից՝ Երևանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերյալ հարցը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի՝ առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։
Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։
Նկարում առաջարկվող տարբերակն է։
Մահաթմա Գանդիի 150 ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնվում են Հայաստանում»:
Նշենք՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլերթի մեկնարկի օրվա ընտրությունը պատահական չէ․ 2007 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 2-ը հռչակել է «Բռնության դեմ պայքարի միջազգային օր», այդ օրն է ծնվել Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին։
Քայլերթի մասնակիցները Հայաստանում մոտ մեկ ամիս անցկացնելուց հետո կմեկնեն Վրաստան։