ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև օրս իրականացրել է 262 հետազոտություն, որից 4-ը եղել են դրական արդյունքով․ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Բոլոր պացիենտները հոսպիտալացված են և գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։ Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարությունում։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ կատարած գրառմամբ հայտնում է, որ մեկուսացվածների թիվը 57-է։
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանրապետությունում Իտալիայից վերադարձած քաղաքացիներից 3-ի մոտ կորոնավիրուսի վարակ է ախտորոշվել։
«Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ է, ստանում է բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում: Հայտնաբերման հետ կապված միջոցառումներից ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 3 պացիենտներից բոլորը Հայաստանի Հանրապետություն են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով: Գանգատներ ի հայտ գալու պես հոսպիտալացվել են, փաստորեն նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»,-այսօր կառավարության նիստում ասել է նախարար Թորոսյանը։