ՀՀ-ում այսօր կորոնավիրուսով վարակվածության երեք նոր դեպք է արձանագրվել, քաղաքացիները ժամանել են Իտալիայից:
Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա փոխանցմամբ` հիմա մեկուսացնելու համար պարզվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։
Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:
Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։
Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել են և եկել եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:
Փաշինյանը քաղաքացիներին խնդրում է պահպանել հանգստություն և պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները։
Հիշեցնենք` մինչ այսօր ՀՀ-ում պաշտոնապես վարակի 1 դեպք էր հաստատվել: