Ալավերդից Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն (ԲԿ) հերթական բուժզննման գալու ճանապարհին 13 շաբաթական հղիի վիճակը կտրուկ վատացել է, hարազատները կապ են հաստատել հղիությունը վարող բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ, որոշվել է հղիին անմիջապես տեղափոխել մոտակա բուժկենտրոն:
«Էրեբունի» բուժկենտրոնից հայտնում են, որ մարզային բուժհաստատությունում առաջին բուժզննումից հետո կնոջ մոտ ախտորոշվել է առաջադիր ընկերքի վաղաժամ շերտազատում, արյունահոսություն և խնդիր է դրվել նրան անմիջապես տեղափոխել երրորդ մակարդակի ծննդատուն, ինչը, սակայն, ընդգծում են բուժկենտրոնից, ճանապարհի երկարության պատճառով հնարավոր վտանգ կարող էր հանդիանալ ոչ միայն հղիությունը պահպանելու տեսանկյունից, այլև հղիի կյանքի համար, քանի որ կինն ուներ նաև առողջական խնդիրներ:
Հղիության ընթացքում առաջացած նման պաթոլոգիաները հնարավորություն են տալիս օգտվել ՀՀ ԱՆ սանավիացիայի պետական ծրագրից, ինչն էլ կատարվել է:
««Էրեբունի» ԲԿ-ի ռեանիմացիոն բրիգադը՝ Զինա Լսկավյանը և Արամ Վարդանյանն ուղղաթիռով անմիջապես մեկնեցին Լոռի: Տեղափոխման ընթացքում հղին ստացավ օքսիգենոթերապիա, ինֆուզիոն թերապիա, հսկվեցին հեմոդինամիկ տվյալները: Թռիչքը տևեց 25 րոպե, հղին անմիջապես տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ ծննդատուն: Դեպքի մասին տեղեկացվեց ԲԿ ղեկավարությունը, «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ քննարկման արդյուքնում որոշվեց իրականացնել հղիությունը պահպանող թերապիա: Մինչև 38 շաբաթականը հղիի հսկողությունը և այնուհետև կեսարյան հատումն իրականացրեց բժիշկ Նորայր Ղուկասյանը: Ծնվեց առողջ տղա երեխա: Հղիությունը հնարավոր եղավ պահպանել սանավիացիայի ծրագրի արդյունքում իրականացված օպերատիվ աշխատանքի և բժիշկների մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,-մանրամասնում են բուժկենտրոնից՝ նշելով, որ մինչ այժմ սանավիացիայի ծրագրով «Էրեբունի» ԲԿ ծննդատուն է տեղափոխվել 6 հղի:
Հիշեցնենք՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայության ստեղծման մասին հայտարարվեց 2019-ի ապրիլի 7-ին, Հայաստանը դարձավ պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություն մատուցող ուղղաթիռ գործարկող տարածաշրջանի երկրներից առաջինը։
Սանավիացիայի ուղղաթիռն իր առաքելության շրջանակում առաջին թռիչքը կատարեց հաջորդ իսկ օրը՝ 2019-ի ապրիլի 8-ին՝ հանրապետության հեռավոր մարզից Երևան հասցնելով վթարի հետևաքով բազմակի վնասվածքներ ստացած 13-ամյա երեխային։