Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն է ստեղծվում․ նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Armenian Helicopters LLC ընկերությանն է։
Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջինն է, ուր պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություն մատուցող ուղղաթիռ է գործարկվում։
Նախօրեին տեղի է ունեցել անիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը, որին մասնակցել են կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև բժշկական հանրության ներկայացուցիչները:
Ելույթով հանդես է եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ սա երկար սպասված և կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, ինչը հնարավորություն կտա անհետաձգելի դեպքերում գործել արագ ու փրկել կյանքեր:
«Գործելու է 1 ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մեկ հիվանդի: Այն հիվանդները, ովքեր կցանկանան ուղղաթիռով, ավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երևան, կտեղափոխվեն վճարովի հիմունքներով: Մեկ ժամի արժեքը պետության կողմից մատուցվող ծառայությունների դեպքում կկազմի 720 հազար դրամ»,-նշել է Թորոսյանը:
2019 թվականին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների տարածքներում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն: Ուղղաթիռով ծառայություն իրականացնող բժիշկներն արդեն իսկ անցել են համապատասխան վերապատրաստումները, օդաչուները նույնպես տիրապետում են բոլոր մանրամասներին: