Հայաստանի հետ պետական սահմանին իրավիճակը սրելու, և առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները չկիրառելու Ադրբեջանի պարբերական փորձերը վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտմանը, որի հետևանքով, նշենք, դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.):
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից ընդգծում են՝ վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:
«Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,-ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։