Այսօր՝ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:
«Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ»,-նշվում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից:
Երեկ գիշեր, նշենք, ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում կրկին դիմել են սադրիչ գործողությունների։
«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։
ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։
Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»,- գրել էր Հովհաննիսյանը։