Հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես, կորոնավիրուսի վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա ընթացքում 3-4 անգամ պարբերականությամբ:
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից՝ ընդգծելով, որ ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց անմիջականորեն կարող են հպվել սպառողները:
Տեսչական մարմինը հորդորում է իրացման կետերին իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը:
Նշենք՝ այսօրվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրոսով վարակման 1 դեպք է արձանագրված։ Վարակը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Թեհրանից օդանավով Հայաստան ժամանած և կամովին բժշկական կենտրոն ներկայացած 29-ամյա երիտասրդի մոտ։
Նա, ինչպես և նրա հետ ռիսկային շփում ունեցած 32 անձ մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում: