Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քանդվող ավտոտնակների փոխհատուցումների հարցը լուծվել է դեռ 2016 – 2017 թթ․:
«Ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում 44 սուբյեկտ (հիմնականում՝ ավտոտնակների սեփականատերեր կամ օգտագործողներ) համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը ֏3-4 մլն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Սկզբունք է եղել բնակիչներին առավելագույն արժեքով փոխհատուցել, այսինքն, եթե եղել է սեփականության իրավունքով հող, այն փոխհատուցվել է շուկայական արժեքից 15 տոկոսով ավելի գնով, եթե եղել է ինքնակամ, ապօրինի կառույց, օգտագործողին տրվել է 25 տոկոսի չափով փոխհատուցում, իսկ վրայի շինությունը փոխհատուցվել է այն արժեքով, որով կփոխհատուցվեր, եթե կառուցված լիներ երեկ, այսինքն՝ հաշվի չի առնվել մաշվածությունը»,-լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները՝ բարձրաձայնելով, որ իրենք տեղեկացված չեն եղել ավտոտնակները քանդելու մասին ու չեն հասցրել մեքենաները, այնտեղ գտնվող այլ իրերը դուրս հանել: Բացի այդ, նրանք դեմ են արտահայտվել անմիջապես շենքի հարևանությամբ, իրենց խոսքով, կառուցվելիք «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին։
Մինչդեռ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանում են, որ հիշատակված ճանապարհահատվածը առնչություն չունի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ «Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։