«Յուրանքանչյուրս ունենք, ընդամենը, մեկ փամփուշտ՝ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար»,-այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ հարցը հանրաքվեով լուծելու՝ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմանը։
Նշենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով իրավական դաշտից դուրս որևէ գործընթաց չի կատարվում։ Նա ընդգծել է, որ «Իմ քայլը» նախագիծն առաջին ընթերցմամբ չի ընդունելու և ներկայացնելու է հանրաքվեի, որը, ըստ պատգամավորի, ամենաժողովրդավարական քայլն է։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այսօր առավոտյան` 11։00-ին հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում էին Սահմանադրությունում փոփոխության մասին նախագիծը՝ առաջին ընթերցմամբ, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը, չկայացավ։ Պատճառը, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախաձեռնողի կողմից օրակարգում ընդգրկված նախագծերի հետկանչն էր։
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում որոշում կայացվեց արտահերթ նիստ գումարել այսօր՝ ժամը 13:00-ին։
Նիստի մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։