Ազգային ժողովի կայքում հրապարակվել է «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։ Նշվում է, որ «փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է»:
Ըստ այդմ՝ իշխող խմբակցությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը:
«ՍԴ ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար:
ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:
ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաև ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ.
ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչև 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: