Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ի նկատմամբորպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Հիշեցնենք՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հունվարի 30-ին, Պաշտպանության բանակի (ՊԲ) կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում։ Քննչական կոմիտեն դեպքի օրը հայտարարեց, որ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում, քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Ապա հայտարարվեց, որ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են նրա երեք համածառայակիցները՝ Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը և Դավիթ Մովսիսյանը զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում։
Երեկ դատարանի որոշմամբ՝ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Նշենք, որ Դավիթ Մովսիսյանը նախկին պատգամավոր՝ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունում ընդգրկված, Առաքել Մովսիսյանի որդին է: