Երևանը բարեփոխելու, մայրաքաղաքի կյանքը գրավիչ դարձնելուն քաղաքացիների մասնակցությունն ապահովելու ու նրանց առաջարկները կյանքի կոչելու նպատակով հուլիսի 8-ից գործարկված «Ակտիվ քաղաքացի» (activecitizen.am) էլեկտրոնային հարթակում արդեն իսկ ներկայացվել է 28 առաջարկ:
Քաղաքացիների առաջարկները բազմաբնույթ են։
Քաղաքացիներից Կ․ Նազարյանն, օրինակ, առաջարկում է մայրաքաղաքի այգիներից մեկում թռչնածառ ստեղծել, որպեսզի ձմռանը թռչունները խողովակների կամ այլ անցքերի մեջ չմտնեն, ինչը, ըստ քաղաքացու, շատ դեպքերում վատ ավարտ է ունենում:
Հակոբ Սարաֆյանն էլ, նկատի առնելով վերջին ժամանակաշրջանում վրաերթերի վիճակագրությունը, առաջարկում է գիշերային ժամերին լուսավորել չկարգավորվող հետիոտնային անցումները` արևային էներգիայով աշխատող լուսատուներով։
Մայրաքաղաքում բնապահպանական խնդիրները լուծելու, Երևանը պլաստիկից ազատելու նպատակով բնակիչներից Ս․ Անտոնյանն առաջարկում է տեղադրել հատուկ սարքեր, որոնք պլաստիկ շշի տեղադրման դիմաց գումար, կամ` գումարին համարժեք կտրոն կտան, որը մարդիկ կարող են օգտագործել գնումներ կատարելիս:
«Այս սարքերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ դեն չեն նետի պլաստիկ շշերը: Մեր մտածողությունից դրուս կգա այն սխալ ըմբռնումը, որ շշերը հավաքելը և դրանց դիմաց գումար ստանալը աղքատ կամ անապահով լինելու նշան է: Մեր քաղաքի որոշ կետերում կան պլաստիկ շշերի համար նախատեսված տարրաներ, բայց ցավոք սրտի դրանք իրենց բուն նպատակին չեն ծառայում: Մարդիկ բացի շշերից այնտեղ այլ տեսակի աղբ էլ են գցում, քանի որ չկա շահագռգռող առիթ: Այս սարքավորումները, որոնք շշի դիմաց գումար են տրամադրում կամ գումարին համարժեք կտրոն մեծ հետաքրքրություն կառաջացնեն բազմաթիվ քաղաքացիների մոտ»,-իր առաջարկը հիմնավորում է Անտոնյանը:
Նախագծի հեղինակները, նշենք, առաջարկին կից տեղադրում են լուսանկար, տեսահոլովակ և ծրագրի իրագործման արժեքը։
Երևանի քաղաքապետարանը լավագույն գաղափարի իրագործման համար բյուջեից հատկացրել է 500 միլիոն դրամ։ Հարթակը բաց է առաջարկների համար առաջիկա 77 օրերին։ Քաղաքացիների առաջարկների քվերակությանը մասնակցելու հնարավորություն ունեն միայն Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողները:
Քվեարկությունը սկսվելու է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին:
Հիշեցնենք՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի ստեղծման մասին այս տարեսկզբին հայտարարել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ քաղաքային բյուջեն պատկանում է հենց բնակիչներին և քաղաքացիներին հնարավորություն կտրվի տնօրինելու այն՝ կյանքի կոչելով մայրաքաղաքն առավել լավը դարձնելու իրենց ծրագիր-առաջարկները:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը