Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր ընթացել է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող Դատախազության բողոքի քննությունը, ըստ որի՝ բողոքարկվել է Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1»-ի նախաքննական նյութերի ողջ փաթեթը տրամադրելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նիստի սկզբում պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Նա, հիշեցնենք, այն դատավորն է, որը բավարարել էր վերաքննիչ բողոքները և վերացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը՝ փոխարինելով այն կալանքով, ընդ որում, պաշտպաններին իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորություն չէր տրվել։
«Դուք արել եք այն, ինչ որ Հայաստանի իրավական համակարգի պրակտիկայում տեղ չէր ունեցել, զրկեցիք պաշտպանական կողմին դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից այն դեպքում, երբ խոսքը հենց վերաբերում էր պաշտպանական կողմին, նույնիսկ ձեզ հետաքրքիր էլ չէր պաշտպանական կողմի դիրքորոշումը»,-դատարանում այսօր ասել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարել է, թե այն դատարանը, որի գործողություններն արդեն իսկ բացահայտ կերպով ցուցադրել են հակակրանքը, չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավախախտմանը վերաբերող գործի քննության ընթացքում:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին: