Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի - RadioVan.fm

Онлайн

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

2019-06-25 16:21 , Право, 2056

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քիչ առաջ հրապարակել է Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։ Դատարանը որոշել է բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Դատարանը որոշեց վերքննիչ բողոքները բավարարել։ Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման, կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը բեկանել։ Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակյանի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,-հայտարարել է նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական խումբը տարածած հայտարարությունում տեղեկացրել էր, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին։ «Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին»,-ասվում էր Քոչարյանի պաշտապանական խմբի տարածած հայտարարությունում։

ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով 2018-ի հուլիսի 27-ին կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի 2018-ի օգոստոսի 13-ի որոշմամբ անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակվել։ Վերաքննիչ դատարանն այնուհետ, 2018-ի դեկտեմբերի 7-ին կայացրած որոշմամբ, անփոփոխ էր թողել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել էր: 2018-ի դեկտեմբերի 7-ից կալանքի տակ գտնվող Քոչարյանի խափանման միջոցը կրկին փոխվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշմամբ․ Քոչարյանն ազատ արձակվեց Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть