ՀՀ արդարադատության նախարարությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, այսօր հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
Այսպիսով, արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝
-իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը,
-հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:
Նախարարությունից նշում են, որ գերատեսչության կողմից ընտրված վերոնշյալ թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:
Ըստ էության, չընտրված թեկնածուներից է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը հայտարարել էր, թե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու իր ներկայացրած հայտը «հնարավորություն է իշխանությունների համար ցույց տալու, որ իրենք պատրաստ են քննարկումների եւ պատրաստ են լսել նաև այլ տեսակետ ունեցողին։