Չինաստանից պատվիրված, ուղարկված ծանրոցները կորոնավիրուսով վարակման առումով ռիսկային չեն - RadioVan.fm

Онлайн

Չինաստանից պատվիրված, ուղարկված ծանրոցները կորոնավիրուսով վարակման առումով ռիսկային չեն

2020-01-29 19:54 , Общество, 1481

Չինաստանից պատվիրված, ուղարկված ծանրոցները կորոնավիրուսով վարակման առումով ռիսկային չեն

Չինաստանից պատվիրված, ուղարկված ծանրոցները կորոնավիրուսի վարակման առումով վտանգ չեն ներկայացնում։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ) Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Վիրուսի գոյատևման, բազմացման համար 14 օր է պետք, 14 օր նպաստավոր պայմաններ՝ կենդանի օրգանիզմ, դրան գումարած 5 օր, որպեսզի կլինիկա զարգանա։ Եկեք հասկանանք, անգամ, եթե տվյալ ապրանքը վարակված է, արդյո՞ք կան այն նպաստավոր պայմանները, որպեսզի վիրուսը գոյատևի, իհարկե, ոչ։ Ներկրման, բեռնափոխադրման ժամանակահատվածը նկատի առնելով՝ ռիսկը բավականին ցածր է»,-մանրամասնել է մասնագետը՝ շեշտելով, որ վիրուսը չոր միջավայրում կենսագործունեությունն ապահովել չի կարող։

Լիանա Թորոսյանը շեշտել է՝ վիրուսը բավականին հեշտությամբ ոչնչանում է քլոր պարունակող ցանկացած ախտահանիչ միջոցով։

Հայաստանը կորոնավիրուսների համար թեև չի համարվում ռիսկային գոտի, այդուհանդերձ, իրավիճակը վերահսկվում է։ Մասնավորապես, կազմակերպվում են քննարկումներ շահագրգիռ կառույցների և տարածաշրջանի գործընկերների հետ, ՀՀ պետական սահմանին ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։ Արտաքին գործերի նախարարության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որտեղ առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց։ Օդային և ցամաքային սահմանային անցակետերում ուղևորների իրազեկման «Նոր վարակ Չինաստանում, նոր կորոնավիրուս (2019n-CoV)» վերատառությամբ պաստառ է տեղադրվել (հայերեն, անգլերեն, ռուսերեն, չիներեն)՝ հիվանդության հարուցչի, ախտանշանների և կանխարգելիչ միջոցառումների ընդգրկմամբ, բուժաշխատողների համար կլինիկական ուղեցույցներ են մշակվում, հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից (ՉԺՀ), ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան։

Հայաստանում կորոնավիրուսի կասկածելի դեպք դեռևս չի հայտնաբերվել։ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 չինացի է փորձաքննության ենթարկվել. ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը»:

Նշենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք է գրանցվել՝ 106 մահվան ելքով, ՉԺՀ Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով էլ՝ արձանագրվել է 5997 դեպք՝ 132 մահվան դեպքով։ Մահացու ելքերը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի պարզաբանմամբ՝ պայմանավորված են անձանց՝ ուղեկցող հիվանդություններ ունենալու հանգամանքով։

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առկա են լաբորատոր կարողություններ կորոնավիրուսների ախտորոշման համար՝ դիվանագիտական խողովակներով լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նոր կորոնավիրուսի լաբորատոր աշխտորոշիչ թեստերի ձեռք բերման ուղղությամբ, դրանք այս պահին, առհասարակ, տարածաշրջանում չկան։

2019-nCoV անվանումը ստացած նոր կորոնավիրուսի առավել տարածված դրսևորումներից մեկը ինֆիլտրացված թոքաբորբն է, որը հաճախ ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Հիվանդությունը վարակիչ է, անգամ, գաղտնի շրջանում։

Պատրաստեց` Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть