ՀՀ ժամանող ուղևորների նկատմամբ հեռահար էլեկտրոնային ջերմաչափում է իրականացվում․ Քաղավիացիա - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ժամանող ուղևորների նկատմամբ հեռահար էլեկտրոնային ջերմաչափում է իրականացվում․ Քաղավիացիա

2020-01-29 13:37 , Общество, 1818

ՀՀ ժամանող ուղևորների նկատմամբ հեռահար էլեկտրոնային ջերմաչափում է իրականացվում․ Քաղավիացիա

Չինաստանում «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի տարածման առնչությամբ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես կանխարգելիչ միջոցառում, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր։

Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ դրանք տրամադրվում են համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին (քարտերը լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին)։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր աշխատանքները շարունակականորեն իրականացնելու է՝ «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի համաճարակային իրավիճակից ելնելով»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի, վարակվածների թիվը մոտ 6000 է: Վիրուսով վարակվածության տասնյակ դեպքեր են արձանագրվել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և այլուր: Չինաստանի իշխանությունները արգելափակել են մուտքը Հուբեյ նահանգի 17 քաղաքներ, որտեղ, ենթադրաբար, ծագել է վարակը։

Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, ՀՀ քաղաքացիներին կոչ է արվել ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից։

Лента

Рекомендуем посмотреть