ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:
«Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ»,- ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:
Ավելի վաղ՝ ՀՀ ԱԳՆ-ն տարածած տեղեկատվությամբ հորդորել էր Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել Չինաստանում ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար։