ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ՀՀ ԱԳՆ) տեղեկացնում են, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։
«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»,-ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի տարածման մասին, որի հարուցիչը, այնուհետ պարզվեց, նոր տեսակի կորոնավիրուսն է։
Չինաստանում վիրուսից վարակվածների շրջանակը արագ տեմպերով ընդլայնվում է․ այսօրվա դրությամբ վարակվածների թիվն ավելի քան 2700 է, նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 80-ի։ Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, ֆրանսիայում, Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Մալայզիայում, Սինգապուրում։
Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։