Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) այսօր բակային մորթին առնչվող տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարներում ներկայացված իրավիճակը բացառելու համար»,-նշված է տեսանյութերին կից հաղորդագրությունում։
Նշենք՝ անասնապահությամբ զբաղվող մի քանի տասնյակ գյուղացիներ տարբեր մարզերից նախորդ շաբաթ, ինչպես և այսօր կառավարության շենքի դիմաց էին՝ իրենց դժգոհությունն արտահայտելով հունվարի 15-ից հանրապետությունում ուժի մեջ մտած սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի վերաբերյալ։
Նրանց խոսքով՝ փոփոխությունն արվել է, սակայն պայմաններ չեն ստեղծել։ Նշում են՝ այս պահին առկա սպանդանոցները, որոնք ՀՀ ողջ տարածքում թվով 22-ն են, հեռու են համայնքներից, օրինակ՝ Վայոց Ձորի մարզում 1 սպանդանոց կա, մինչդեռ մարզը 20 համայնք ունի։
Անասուններին այնտեղ հասցնելու համար կիլոմետրեր պետք է կտրել, ինչը, նշում են գյուղացիները, հավելյալ ծախս է անասնապահությամբ զբաղվողների համար, ու դա, ինքնըստինքյան, կհանգեցնի տեղական մսի թանկացմանը։
Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի առնելով այս բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում նախատեսված պետական քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։