«600 կիլանոց անասունին ո՞նց կարամ տեղափոխեմ բոյնի»․ գյուղացիները դժգոհում են սպանդանոցային մորթի պահանջից - RadioVan.fm

Онлайн

«600 կիլանոց անասունին ո՞նց կարամ տեղափոխեմ բոյնի»․ գյուղացիները դժգոհում են սպանդանոցային մորթի պահանջից

2020-01-16 17:56 , Общество, 1873

«600 կիլանոց անասունին ո՞նց կարամ տեղափոխեմ բոյնի»․ գյուղացիները դժգոհում են սպանդանոցային մորթի պահանջից

Անասնապահությամբ զբաղվող մի քանի տասնյակ գյուղացիներ տարբեր մարզերից այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով հունվարի 15-ից հանրապետությունում ուժի մեջ մտած սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի վերաբերյալ։

Նրանց խոսքով՝ փոփոխությունն արվել է, սակայն պայմաններ չեն ստեղծել։

«Ո՞նց անասունները տանենք սպանդանոց, եթե չկա»,-ասել է Երևան հասած Վայքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ Վայոց Ձորի մարզում ընդամենը 1 սպանդանոց կա այն դեպքում, երբ մարզում 20 գյուղ կա։

«Անասուններին այնտեղ հասցնելու համար 60 կմ ճանապարհ պետք է անցնեն, ինչը հավելյալ ծախս է անասնապահությամբ զբաղվող գյուղացու համար»-ասել է նա՝ նշելով, որ դա, ինքնըստիքյան, կհանգեցնի տեղական մսի թանկացմանը։

Բացի այդ, նրանց խոսքով, խնդիր է նաև կենդանիներին մեքենաներում տեղավորելն ու սպանդանոց հասցնելը։

«Աասուններին մի քանի ամիս կապում ենք գոմում, սնում, որ քաշ հավաքեն, հետո կենդանին գոմից դուրս է գալիս կատաղած, բակում մորթելն է գրեթե անհնար, ինչպե՞ս կատաղած կենդանուն տեղավորենք մեքենայում ու սպանդանոց տեղափոխենք», «600 կիլանոց անասունին ո՞նց կարամ տեղափոխեմ բոյնի», «Ցուլին հլը փորձեք հանել ավտոն, սաղին կփռի գետնին, խոզին հանես ավտոն՝ ոտքերի մոտը սաղ կապտելու, սևանալու է, մորթեմ, ոչ մի մսավաճառ չի ընդունելու այդ միսը»,-նշում են գյուղացիները՝ որպես խնդրի լուծման տարբերակ առաջարկելով սպանդանոց կառուցել յուրաքանչյուր համայնքում։

Հունվարի 15-ից, նշենք, սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, մինչդեռ, այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, ևս 26-ը՝ նախագծման ու թույլտվությունների ստացման:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Երևանում վերջին երկու օրերին մսի իրացման շուկայում անցկացրած վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:

Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա առկա QR կոդը հնարավորություն է տալիս տեսնել ու հասկանալ մսի ծագումը, թե միսը ինչ ճանապարհ է անցել, որ սպանդանոցում է կենդանին սպանդի ենթարկվել, անցե՞լ է արդյոք անասնաբուժասանիտարական փորձաքննություն:

Տեսչական մարմինից ընդգծում են՝ «սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կատարման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ»:

Лента

Рекомендуем посмотреть