Դատարանը հունվարի 8-ին բավարարել է 16 ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ի երեկոյան․ ահազանգի հիման վրա Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ու ձերբակալվել Երևանի բնակիչ, 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, երիտասարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ 16-ամյա աղջկան սպանելու համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։