Մանրամասներ՝ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ - RadioVan.fm

Онлайн

Մանրամասներ՝ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ

2019-12-27 19:14 , Право, 1707

Մանրամասներ՝ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ, 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Գլխավոր դատախազությունը տարածած հաղորդագրությամբ մանրամասնում է․

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Հ. Թ.-ն ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին:

Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Հ. Թ.-ն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն: Այնուհետև, շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում, Հ. Թ.-ն հիշյալ նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800.000 ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2012թ. փետրվարին, Հ. Թ.-ն, շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ՝ իր օգտին օգտագործելով, արդարադատության նախարարության՝ իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով, աշխատանքից ազատելու, գործունեությունը կասեցնելու վերաբերյալ պարբերաբար սպառնալիքներ տալու եղանակով միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Վերջինս սպառնալիքների ազդեցության ներքո, չունենալով այլընտրանք, կախյալ վիճակից ելնելով, նոտարական պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններում 2012 թվականի փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք, օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող, մինչև նոտարական պալատի կողմից վարձակալելն այլ անձանց կողմից 50.000 ՀՀ դրամ վճարով, իսկ այնուհետև՝ 85.000 ՀՀ դրամ վճարով վարձակալված հիշյալ անշարժ գույքը:

Արդյունքում՝ Հ. Թ.-ն մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 ՀՀ դրամի չափով վարձավճար: Հարկադրված պայմաններում վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո նոտարական պալատի բնականոն գործունեությունն ապահովելու համար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով կիսավարտ վիճակում գտնվող վերը նշված՝ Հ.Թ.-ին փաստացի պատկանող տարածքում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, որի դիմաց նոտարական պալատի բյուջեից ծախսվել է 2.467.000 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, Հ. Թ.-ին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ ՀՀ գլխավոր դատախազի 26.12.2019թ. որոշմամբ Հ. Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով «երկու դրվագ» նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների առերևույթ կատարման համար նշված գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Лента

Рекомендуем посмотреть