«Արյուն էլ թափվի` Փաշինյանի հետ պիտի հանդիպեմ». բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները կրկին փողոց են դուրս եկել - RadioVan.fm

Онлайн

«Արյուն էլ թափվի` Փաշինյանի հետ պիտի հանդիպեմ». բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները կրկին փողոց են դուրս եկել

2019-12-26 15:19 , Общество, 1713

«Արյուն էլ թափվի` Փաշինյանի հետ պիտի հանդիպեմ». բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները կրկին փողոց են դուրս եկել

Դեկտեմբերի 2-ին Արցախի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում սպանված ԱրթուրԱջամյանի հարազատներն այսօր կրկին Արմավիրի մարզի Արտաշար գյուղից Երևան են եկել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով։

«Ես պահանջով եմ եկել, թող գան, ինձ ասեն, թե ինչպես է սպանվել իմ որդին։ Ես հինգ րոպե ժամանակ եմ տալիս, հետո քարերով, բանով մտնելու ենք կառավարության շենք»-բարկությամբ բարձրաձայնեց զինծառայողի մայրը՝ Գոհարը, ում խոսքով՝ իր որդին մահացել է 26 օր առաջ, սակայն իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա զոհվել։

Հիշեցնենք՝ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները դեպքից օր անց՝ Ազգային ժողովի դարպասների առջև էին՝ հանգամանքների բացահայտման պահանջով։ Մահացած զինծառայողի հարազատները դադարեցրին բողոքի ակցիան այն բանից հետո, երբ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրանց հայտնեց, որ հարցը քննարկել է քննչական կոմիտեի ղեկավարության, ընտանիքի փաստաբանի հետ` վստահեցնելով, որ հանձնաժողովը ճշմարտության բացահայտման համար ամեն ինչ անելու է։

«Մենք հանդիպեցինք նաև Անդրանիկ Քոչարյանին։ Ձեռ ձեռ տվեց սկեսրայրիս, ասաց՝Խատիֆ ջան, դուք ձեր երեխու դիակը հանձնեք հողին, կհանդիպենք, կխոսենք։ Դրանից հետո ոչ զանգերին է պատասխանել, ոչ գործով հետաքրքրվել»,-այսօր ասաց Արթուրի մայրը։

Աջամյանի հարազատները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Չնայած ոստիկանության զգուշացումներին, որ իրենց գործողություններն օրինական չեն, վերջիններս ճանապարհ են փակել, սպառնում են փակել նաև երկաթգիծը:

Лента

Рекомендуем посмотреть