Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է վերաբացել «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է «Հոկտեմբերի 27»-ի զոհերից Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, ով քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատախազություն։
«Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»,-գրել է տիկին Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում։