«Հոկտեմբերի 27-ը սպասում է իր Նյուրնբերգին»՝ Յուրի Բախշյանին նվիրված «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ուղերձն է - RadioVan.fm

Онлайн

«Հոկտեմբերի 27-ը սպասում է իր Նյուրնբերգին»՝ Յուրի Բախշյանին նվիրված «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ուղերձն է

2019-10-25 19:40 , Общество, 1244

«Հոկտեմբերի 27-ը սպասում է իր Նյուրնբերգին»՝ Յուրի Բախշյանին նվիրված  «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ուղերձն է

«Հոկտեմբերի 27-ը պառլամենտի մտավոր ընտրախավի ջարդն էր: Ահաբեկչության ենթարկվեց օրենսդրի գաղափարական ընտրանին: Հաշվարկված էր՝ քաոսն ու վախի մթնոլորտն այնտեղ է, ուր գլխատված է միտքը»,-այս տողերը հնչում են Ազգային ժողովի նախկին խոսնակ, 20 տարի առաջ խորհրդարանում սպանված Յուրի Բախշյանին նվիրված «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ընթացքում, որի պրեմիերան կայացավ այսօր։

«Ֆիլմը երկու ուղերձ ունի՝ քաղաքական, որի նպատակը «Հոկտեմբերի 27-ի» շուրջ հասարակական դիմադրություն ձևավորելն է՝ վերջնական արդարադատության հասնելու համար, և երկրորդը՝ Յուրի Բախշյանի՝ շատերի համար դեռևս չբացահայտված կերպարի առանցքային դրվագների հանրայնացումը»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Վարդ Սիմոնյանը։

Շուրջ մեկ ժամ տևողությամբ ֆիլմի ընթացքում նամակների, հիշողությունների միջոցով հանդիսատեսին է փոխանցվում Յուրի և Անահիտ Բախշյանների զգայական սերը, ամուր հոգևոր կապը և, թե ինչպես է ամուսնուն կորցրած կինը՝ հաղթահարելով հոգին կեղեքող ցավը, ուժ ներարկում ընտանիքին՝ երեխաներին հորդորելով «իր տունը սգո տուն չդարձնել»։ Ֆիլմը ի ցույց է դնում նաև Յուրի Բախշյանի՝ որպես պետական մտածողություն ունեցող քաղաքական գործչի, մարդու, մտավորականի կերպարը։

Ֆիլմում առանցքային է նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի արդար դատաքննության պահանջը։

«․․․Հիշեք Նյուրնբերգը: Անցյալը պետք է կարողանա նայել ներկայի աչքերին, այս դասը փոխանցեց աշխարհին նյուրնբերգը․․․27-ը սպասում է պաշտոնական իր Նյուրնբերգին, որը կգաղտազերծի նախորդ դարավերջի հայկական ապոկոլիպիսն իր բոլոր դրվագներով, կուլիսային և առերևույթ գործող անձանցով:․․․Ինչպես Նյուրբերգում էկրանից պիտի կախվեն կենդանի վավերանյութեր, որոնց հետ դատապարված են առերեսվել բոլորն անխտիր, և երկրի նախագահը բացառություն չէ: Չէ՞ որ Նյուրնբերգն ի թիվս բազում կաշկանդումների՝ ջնջեց նաև միջնադարյան սկզբունքը, որ արքաներին կարող են դատել միայն աստվածները»,- այս մտքերն է ֆիլմի միջոցով փոխանցում սցենարի հեղինակը, ում համոզմամբ՝ Հոկտեմբերի 27-ի շուրջ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանին պետք է «քամել»՝ արժեքավոր տեղեկություններ ստանալու նպատակով։

«Մոսկվա» կինոթատրոնում տիրող տրամադրությունները՝ տեսանյութում։

Հուզմունքը չէր լքում Յուրի Բախշյանի այրուն՝ հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանին, ով դիտման ավարտից հետո ելույթ ունեցավ, նվերներ հանձնեց ֆիլմի ստեղծագործական թիմին։

Հիշեցնենք՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, զինված հարձակման հետևանքով սպանվել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և Միքայել Քոթանյանը: Զինված հարձակման գլխավոր մեղավորները՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նրանք, տված ցուցմունքներում պնդել են, թե իրենց արարքը «հայրենասիրական» միտումներով է, «պահանջված ժողովրդի կողմից», քանի որ «սպեկուլյանտ կառավարությանը խմում է ժողովրդի արյունը»։

Օրերս հայտնի դարձավ, որ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, որի պատասխանը պարզ կլինի 80-օրյա ժամկետում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть