Կարո՞ղ է պատվաստումը հիվանդություններ առաջացնել․ մանկաբույժ Լիլիթ Մարությանը՝ տարածված միֆերի մասին - RadioVan.fm

Онлайн

Կարո՞ղ է պատվաստումը հիվանդություններ առաջացնել․ մանկաբույժ Լիլիթ Մարությանը՝ տարածված միֆերի մասին  

2019-12-18 19:40 , Медицина, здоровье, 1700

Կարո՞ղ է պատվաստումը հիվանդություններ առաջացնել․ մանկաբույժ Լիլիթ Մարությանը՝ տարածված միֆերի մասին

Պատվաստե՞լ երեխային, թե՞ ոչ․ պատվաստանյութերի անվտանգության և արդյունավետության շուրջ մտահոգություններ ունենալով՝ այս երկընտրանքի առաջ հաճախ են կանգնում մանկահասակ բալիկների ծնողները։

«Ծնողները, նաև՝ բժիշկները, վախենում են, տուժում են երեխաները»,-նկատում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիլիթ Մարությանը՝ նշելով, որ վախերի պատճառներից մեկը պատվաստանութերում կիրառվող ադյուվանտներն են։

«Դրանք կարևոր բաղադրիչ են, առանց որի պատվաստանյութը արդյունավետ չի կարող լինել, քանի որ դրա չկիրառման դեպքում՝ ստիպված կլինեն ավելի շատ անտիգեն ավելացնել, ինչի հետևանքով պատվաստանյութը ռեակտոգեն կլինի՝ 100 պատվաստվողից 100-ն էլ կջերմեն։ Դրանք վնասակար կլինեն, եթե քանակությունը գերազանցվի, սակայն դա վերահսկելի գործընթաց է, և թույլատրելիի սահմանը անցնել անհնար է»,-նշում է Մարությանը, որի դուստրերը, ի դեպ, առաջիններից էին, որ լրագրողների ներկայությամբ պատվաստվեցին մարդու պապիլոմավիրուսի դեմ։

Մանկաբույժը բաղադրիչներից առանձնացնելով, օրինակ՝ ալյումինը, նշում է․ «դրա հետ բոլորս ամեն օր շփվում ենք, սննդից ավելի շատ ենք ստանում ալյումին, քան՝ պատվաստումներից, այն դեպքում, երբ ինչպես պարզ է դառնում ամերիկյան մի հետազոտությունից, մարդը օրական 7-9 մգ այլումին է ստանում շրջակա միջավայրից՝ թեյից, պանրից, ծորակի շրջից, հացաբուլկեղենից, մետաղյա տարաներով ընպելիքներից, մինչդեռ բոլոր պատվաստանյութերից երեխան 4,4 մգ է ստանում»։

Իսկ մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութում (ՄՎՊ) կիրառվող պոլիսորբատ 80-ը լայնորեն օգտագործվում է պաղպաղակի արտադրությունում․ մեկ միջին պաղպաղակում 170 000 մկգ պոլիսորբատ կա, այն դեպքում, երբ նշյալ պատվաստանյութում 50 մկգ է։

Հետևաբար, նշում է մասնագետը, այն օրգանիզմի համար թունավոր լինել չի կարող, այլապես, յուրաքանչյուր ամառ մեծ թվով մարդիկ կթունավորվեին պաղպաղակ ուտելիս։

Վախերի պատճառը, ըստ մասնագետի, գիտելիքների պակասն է, որի հետևանքով պատվաստանյութերի վերաբերյալ տարաբնույթ առասպելներ ու միֆեր են շրջանառվում։

Դրանց շուրջ «Ռադիո Վան»-ը զրուցել է Լիլիթ Մարությանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 14-ին, հայ հանրությանն է ներկայացվել ամերիկացի գիտնական, մանկաբույժ, վարակաբան, Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի և Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրեն Փոլ Օֆիթի՝ «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերի հայերեն հրատարակությունը։

Պատվաստանյութերից վախի, դրա հետևանքով պատվաստումից հրաժարվելու և ճակատագրական այդ ընտրության մահացու հետևանքների մասին պատմող գրքի, որը թարգմանվել է աշխարհի 10 լեզուներով, հայերեն հրատարակության նախաբանը գրել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть