«Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի բազմակի պնդումներն այն մասին, որ ինքը պատրաստակամ է բոլոր կողմերի հետ հանդիպել և քննարկել կնճռոտ հարցերը»՝ ավելի վաղ արած հայտարարության համաձայն Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, 15։00-ին, նախարարության շենքի առջև էին՝ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ակնկալիքով։
Հանդիպում, այդուհանդերձ, տեղի չունեցավ։ Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, նախարարությունն անդրադառնալով երիտասարդ դաշնակցականների այսօրվա նախաձեռնությանը, հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․
«ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։
ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։
Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»:
«Նախարարությունում պետք է կողմնորոշվեն՝ պատրա՞ստ են քննարկումների, թե՞ ոչ։ Եթե պատրաստ չեն՝ թող դուրս գան ասեն, որ մենք այսինչ խումբ մարդկանց հետ պատրաստ չենք քննարկում ծավալել»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով, որ իրենք այն կարծիքին են, որ «ազգային օրակարգը հեգնող պաշտոնյան պետք է հեռանա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ երիտասարդ դաշնակցականները նոյեմբերի 4-ից նստացույց էին անցկացնում՝ պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Երիտասարդ դաշնակցականները՝ հղում անելով Հարությունյանի պաշտոնավարման շրջանում իրականացվող քայլերին, որոնցից առանձնացնում են բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, սեռափոխված հայ մարզիկի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը, դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը, նշում են՝ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, գիտության, մշակույթի և սպորտի ապագան։ ՀՅԴ ՀԵՄ-ը նախարարության շենքի առջև15-օրյա նստացույցից հետո դադարեցրեց այն՝ նոյեմբերի 29-ին հայտարարելով, որ հանդես են գալիս նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ:
Հավելենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ)՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով առաջարկվող փոփոխությունների առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, դասախոսները, մտավորականներ։