Մտավորականները կոչ են անում հայաստանյան իշխանություններին ականջալուր լինել հայ երիտասարդությանը - RadioVan.fm

Онлайн

Մտավորականները կոչ են անում հայաստանյան իշխանություններին ականջալուր լինել հայ երիտասարդությանը

2019-11-14 20:16 , Общество, 1664

Մտավորականները կոչ են անում հայաստանյան իշխանություններին  ականջալուր լինել հայ երիտասարդությանը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը, բանասիրական գիտությունների դոցենտ Սերժ Սրապիոնյանյանը և այլք այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որը տարածել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունն (ՀՅԴ ՀԵՄ)։

Մտավորականների հայտարարությունում ասված է․

«Այսօր մեկ նախարարության պատասխանատվության ներքո են մեկտեղվել մեր հանրային կյանքում բացառիկ առաքելություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, սպորտն ու երիտասարդությունը։

Հիշյալ ոլորտներում կառավարության քաղաքականությունն իրականացնող ԿԳՄՍ նախարարության կողմից քաղաքական օրակարգ բերված մի շարք գործողություններ՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգին, ինքնությանը և ազգային ինստիտուտներին, տարակուսանք և բնական ընդվզում են առաջացնում հասարակության ամենալայն շրջանակներում։

Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, որը դեմ է ազգային ինքնությունն ու ազգային համերաշխությունը խաթարող գործողություններին, ազգայինի և համամարդկայինի արհեստական հակադրությանը, որդեգրված քաղաքականության մեջ խմբագրումներ կատարելու իշխանությունների անդրդվելիությանը։

Արդարացի համարելով երիտասարդների ընդվզումը, մեր համաձայնությունն ու զորակցությունը հայտնելով նրանց՝

Կոչ ենք անում հայրենի մտավորականներին՝ սատարել ազգային արժեքների և ազգային արժանապատվության համար ոտքի ելած հայ երիտասարդներին։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ՝ ականջալուր լինել հայ երիտասարդությանը, գիտամանկավարժական և մշակութային հանրությանը։

Դավիթ Գասպարյան ԲԳԴ˒ պրոֆեսոր

Համլետ Գևորգյան ՊԳԴ˒ պրոֆեսոր

Դավիթ Սարգսյանգրող˒ հրապարակախոս

Վիգեն Ստեփանյանդերասան˒ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կարին Տոնոյան«Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն

Ռազմիկ Դավոյանբանաստեղծ

Աշոտ Ավագյանգեղանկարիչ˒ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Սերժ Սրապիոնյան ԲԳԹ˒ դոցենտ

Ալվարդ Պետրոսյան գրող˒ հրապարակախոս

Սարգիս Քելյան ԵՊՀ˒ դոցենտ

Գագիկ Մարկոսյան ԵՊՀ˒ դոցենտ

Արսեն Գրիգորյան ԵՊՀ˒ դոցենտ

Շահեն Խաչատրյան ԵՊՀ˒ դոցենտ

Պետրոս Դավթյան ԵՊՀ˒ դոցենտ

Սեյրան Սուվարյան ԵՊՀ˒ դոցենտ

Վահագն Գրիգորյան ԵՊՀ˒ դոցենտ

Սերգեյ Առաքելյան արվեստագետ˒ ՀՀ արվեստի գաստակավոր գործիչ

Թադևոս Տոնոյան բանաստեղծ˒ ԵՊՀ դոցենտ˒ «Կանչ» պարբերականի խմբագիր

Արտակ Մովսիսյան ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ˒ ԲԳԴ

Ռիտա Սաղաթելյան ԵՊՀ դոցենտ

Փիրուզա Մելիքսեթյան ՙԻրատես՚ պարբերականի գլխ. Խմբագիր

Նելլի Շահնազարյան արձակագիր˒ դրամատուրգ

Վահրամ Վարդանյան ԵՊՀ դոկտոր˒ պրոֆեսոր

Նիկա Բաբայան երաշժտական պրոդյուսեր

Հակոբ Ավետիքյան «Ազգ» թերթի խմբագիր

Աշոտ Մանուկյան դիզայներ»

Հիշեցնենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ը նոյեմբերի 4-ից բողոքի ակցիա, նստացույց է անցկացնում՝ պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ԿԳՄՍ) Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Երիտասարդ դաշնակցականները՝ հղում անելով Հարությունյանի պաշտոնավարման շրջանում իրականացվող քայլերին, որոնցից առանձնացնում են բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, սեռափոխված հայ մարզիկի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը, դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը, նշում են՝ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, գիտության, մշակույթի և սպորտի ապագան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ)՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով առաջարկվող փոփոխությունների առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, դասախոսները։

Лента

Рекомендуем посмотреть