«Ռադիո Վանը» ս․թ․ նոյեմբերի 7-ին պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանությանը՝ Խաչփար գյուղի բնակիչ Պետրոս Տոնյանի բարձրաձայնած խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ի հրապարակմամբ հայտնել էինք, որ Մասիսի Խաչփար գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր 35-ամյա Պետրոս Տոնյանը հասել էր Երևան՝ վարչապետից խնդրելու ապահովել իր անվտանգությունը։
Քաղաքացու պնդմամբ՝ իրեն Մասիսի ոստիկանությունում ծեծել են, ստիպել «խոստովանել», որ գյուղապետի բակից կատարված գողությունը ինքն է արել։
ՀՀ ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական ուսումնասիրություն։
Մեր հարցումը և ոստիկանության պատասխանը՝ ստորև։
Հավելենք, որ Պետրոս Տոնյանի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել էինք նաև Խաչփարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանին, ով «Ռադիո Վան»-ի հետ զրույցում հերքեց իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները՝ միաժամանակ վստահեցնելով, որ Պետրոս Տոնյանին ոստիկանությունում ոչ ոք մատով չի կպել։
«Վախենում է մնացած գողությունների բացահայտումից»,-գյուղ վերադառնալ վախեցող բնակչի մասին ասաց գյուղապետը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան